Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Փնտրվում է Կճոյանին կարգալույծ անելու ստորագրահավաք

Փնտրվում է Կճոյանին կարգալույծ անելու ստորագրահավաք
12.07.2013 | 23:43

Հրապարակի վրա է Արարատյան հանրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին կարգալույծ անելու՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին ուղղված պահանջը:

«Մենք ենք մեր երկրի վաղվա տերը» միությունը, ԵՊՀ շրջանավարտ Հովհաննես Ղահրամանյանի գլխավորությամբ, նախաձեռնել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին կարգալույծ անելու ստորագրահավաք, իրազեկելով, որ այն անցկացվելու է ամեն օր՝ ժամը 10.00-21.00-ը՝ Հյուսիսային պողոտա-Թումանյան խաչմերուկում:
Կեսօրին մոտ այցելեցի նշյալ տարածք: Ովքե՞ր են նախաձեռնել, տարածել այդ հայտարարությունը, ի՞նչ նպատակով՝ չհաջողվեց պարզել, որովհետև Հյուսիսային պողոտա-Թումանյան խաչմերուկում չհանդիպեցի գեթ մեկ հոգու, որը ստորագրած լիներ այդ նախաձեռնության տակ: Հյուսիսային պողոտայի անցորդների մեծ մասը միայն տարակուսած հայացքներով պատասխանեցին իմ հարցմանը:
Հյուսիսային պողոտան ապրում էր իր ամենօրյա եռուզեռով. մարդիկ այցելում էին խանութներ, հարակից սրճարաններ, զբոսնում էին: Գտնվեցին մարդիկ, որոնք խորհուրդ տվեցին այցելել երեկոյան ժամերին, ասելով, որ գուցե շոգն է պատճառը, որ չկան ստորագրահավաքը նախաձեռնողները: Երեկոյան՝ ժամը 19.00-ին մոտ, դարձյալ այցելեցի Հյուսիսային պողոտա, սակայն <Մենք ենք մեր երկրի վաղվա տերը> խիստ պարտավորեցնող անունով միությունը հիշեցնող և ստորագրահավաք նախաձեռնող գեթ մեկ հոգու չհանդիպեցի նշյալ տարածքում: Դե ինչ արած, չհանդիպեցի, չհանդիպեցի, մարդիկ էլ, բանից անտեղյակ, ճեմում էին իրենց համար, և, ինչպես երևում էր, Կճոյանին կարգալույծ անելու ցանկություն ունեցողներին, համենայնդեպս, այստեղ չէ, որ պետք է փնտրեի: Երիտասարդներ, միջին տարիքի մարդիկ, տարեցներ՝ երեխաների կամ շների ուղեկցությամբ, որոնք ապրում էին այլ հետաքրքրություններով, և իմ հարցն էլ խիստ անպատեհ էր թվում նրանց:
Այսքանից հետո մնում է միայն հարցնել՝ ի՞նչ ուղերձ էին հղում հանրությանը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին կարգալույծ անելու նախաձեռնության հեղինակները: Եթե ինչ-ինչ պատճառներով այդ նախաձեռնությունը չի հաջողվել, հնարավո՞ր չէր գոնե ԶԼՄ-ներին տեղեկացնել այդ մասին հավուր պատշաճի, եթե հետաձգվել է՝ նույնպես: Գոնե լրագրողները պետք է, չէ՞, իրազեկ լինեն այդ մասին, թե՞ դա հանրության շահերից չի բխում:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 6457

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ